ԿՈՄՊՈԶԻՏՈՐ
Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Հիմնվելով արևմտաեվրոպական երաժշտության զարգացման փորձի ու հայ կոմպոզիտորական դպրոցի ձեռքբերումների վրա և հետազոտելով հայ ավանդական երաժշտության առանձնահատկությունները` նա ստեղծեց կոմպոզիտորական ուրույն ոճ, որը համաշխարհային երաժշտության պատմության մասշտաբով ինքնատիպ է և չկրկնվող: Կոմիտասի երաժշտության հարմոնիկ ու պոլիֆոնիկ դրսևորումները և ֆակտուրային շարադրանքի մոտեցումները երաժշտագիտական ընդունված բնորոշումների որևէ դասակարգման չեն ենթարկվում: Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է հայկական ժողովրդական ու հոգևոր երգերի մշակումներ և ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ (հեղինակային) գործեր: Մշակումները նույնպես ընդունված է համարել ստեղծագործություններ` նկատի ունենալով կոմպոզիտորական ինքնատիպ մոտեցումը: Կոմիտասը գրել է հիմնականում հետևյալ ժանրերում.
ա) Մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ: Կոմիտասը ձայնի և դաշնամուրի համար մշակել է հայ ժողովրդական երգերի գլուխգործոցների իր իսկ բանահավաքչական գտածոներ: Թեմատիկան բազմազան է. փիլիսոփայական, քնարական ու սիրային երգերից մինչև կատակերգեր, պարերգեր: Որոշ երգեր կատարողական առումով վոկալ վարպետություն են պահանջում, ինչպես, օրինակ, «Անտունին», «Կռունկը», «Ծիրանի ծառը» և այլն: Զարմանք է առաջացնում այն փաստը, որ այդ երգերը գրառվել են գեղջուկներից, իսկ դա նշանակում է, որ հայ գեղջուկը տիրապետել է բնական վոկալ հմտությունների: Կոմիտասի` ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ երգերը ոճական հատկանիշներով ժողովրդական երաժշտության հետ այնպիսի նմանություններով են օժտված, որ հաճախ նույնպես ընկալվում են որպես այդպիսին: Հատկանշական օրինակ է «Կաքավիկ» երգը:
բ) Խմբերգեր: Կոմիտասի խմբերգերի թվում են հոգևոր, ժողովրդական երգերի մշակումները և ինքնուրույն ստեղծագործությունները: Կոմիտասը մշակել է հոգևոր երգեր, որոնք վերաբերում են եկեղեցական օրացույցի տարբեր օրերի, տոների, սրբերի, ինչպես օրինակ, «Ջրօրհնեաց երգերը», «Ոտնլուայի երգերը» և այլն: Առանձին հոգևոր երգերի թվում են նաև Պատարագի տարբեր հատվածներ, ինչպիսիք են` «Հայր մէր», «Ամէն: Հայր սուրբ» և այլն: Արական երգչախմբի համար գրված «Պատարագը» Կոմիտասից պահպանված միակ մեծակտավ ստեղծագործությունն է: Պատարագի` հայոց եկեղեցու կարևորագույն արարողակարգի մեղեդիները Կոմիտասը մշակել է իր գործունեության տարբեր տարիներին, տարբեր առիթներով, կատարողական տարբեր կազմերի համար: Ավանդական մեղեդիները նա հիմնականում քաղել է Պատարագի երգեցողությունների` Ն. Թաշճյանի կողմից կատարված գրառումներից` հրատարակված 1874 և 1878 թթ.-ին, ինչպես նաև կիրառել է բանավոր պահպանված մեղեդիներ: Պատարագի մեղեդիների մշակումներից մի քանիսը պահպանվել են հատվածաբար` ընդամենը մի քանի համարով: Հատկանշական է Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց Պատարագի մեղեդիների մշակումը` կատարված 1910-ականներին: Գոյություն ունի Պատարագի երգեցողությունների գերմաներեն թարգմանությամբ մշակում` գրված Բեռլինում: Վերջին մշակումը` արական երգչախմբի համար, իրականացվել է 1914 թ.-ին: Պատարագի երգեցողությունների մշակումները Կոմիտասը հաճախ նկատի է ունեցել որպես համերգային գործեր: Ներկայում ևս Կոմիտասի 1914 թ.-ի «Պատարագը» հնչում է թե՛ համերգասրահներում, թե՛ եկեղեցական արարողակարգի ընթացքում: Ժողովրդական երգեր նույնպես Կոմիտասը մշակել է երգչախմբային տարբեր կազմերի համար: Ժողովրդական երաժշտությունն ունի տարբեր ժանրեր` ըստ գեղջկական կյանքի և հասարակության բնագավառների: Կոմիտասի երգչախմբային մշակումներն ընդգրկում են տարբեր ժանրեր` աշխատանքային, հարսանեկան, որոնք ներկայացված են նաև շարերի տեսքով, պարերգեր ու կատակերգեր, ծիսական երգեր և այլն:
գ) Դաշնամուրային գործեր: Դաշնամուրային գործերից հատկանշական են Յոթ պարերը, որոնք Հայաստանի տարբեր տարածաշրջանների պարերի մշակումներ են, «Մշո շորորը», որը ևս իր մեջ ներառում է մի քանի պար, «Երգեր» կոչվող մանրանվագները, որոնք հիմնվում են հայ ժողովրդական տարբեր երգերի մեղեդիների վրա և այլն: Դրանք բոլորը դրսևորում են ինքնատիպ շարադրանք, որը բնորոշվում է թափանցիկությամբ, մեղմ գույներով, ֆակտուրայի «կոմիտասյան» մոտեցմամբ:
դ) Օպերային նախագծեր: Հայտնի են Կոմիտասի մի քանի օպերային մտահղացումներ, որոնց դրսևորումները պահպանվել են լոկ պատառիկների տեսքով: Դրանց թվում են «Անուշ» օպերան` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի, ինչպես նաև «Սասնա ծռերը»` ըստ հայոց էպոսի մոտիվների: Այս և այլ օպերային մտահղացումներում թեմատիկայի ընտրությունը նույնպես վկայում է ազգային մշակույթի կարևորման մասին:
ե) Անսամբլային և նվագախմբային գործեր` ստեղծված ուսանողական շրջանում, որոնք վկայում են դասական կոմպոզիտորական տեխնիկային վարպետորեն տիրապետելու մասին: Նվագախմբի համար է գրված «Walde Nacht» ստեղծագործությունը: Վաղ շրջանում գրված այս պիեսները ցույց են տալիս, որ Կոմիտասը հրաշալիորեն տիրապետել է դասական երաժշտության տարբեր ժանրերի տեխնիկային, սակայն հետագայում նախապատվություն է տվել վոկալ, խմբերգային և դաշնամուրային երաժշտությանը: