Ժամանակակիցները Կոմիտասի մասին

Անձնական նկարագիր․ միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես... Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի։ Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել։

Գարեգին Լևոնյան

Կոմիտաս վարդապետը, որ քաջութիւնն ունեցաւ գալ խմբերգը ղեկավարելու եւ ինքն իսկ մելոտիներ երգելու, Տիրամայրին մէջ բարձրացաւ յուզմունքի այնպիսի ներուժութեան մը որ գրեթէ արցունք բերելու աստիճանին կը հասնէր եւ որուն համար հասարակութիւնը «օվասիոն» մը ըրաւ իրեն: Ոչինչ աւելի սրտաշարժ էր քան տեսնել հասարակութեան ծափերուն առջեւ իր խոնարհիլը` քաղցրութեամբ ու վեհութեամբ` սեւ բարձր վեղարին տակ:

Լուի Լալուա

Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր։ Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացի և Նարեկացի, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը։ Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր... Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր։ Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ։ Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը։ Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան։ Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն։ Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ։ Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում։ Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»...:

Հրաչյա Աճառյան

Այն խորունկ հայեացքը, որով Դուք, ի մօտոյ մեզ ներկայացրիք մեզնից բոլորովին հեռու գտնուող բարձր եւ զարգացած մի քաղաքակրթութեան վսեմ կարողութիւնը, – անակնկալօրէն հմտալից մատուցումն այն ամենի, որ արեւմտեան հնագոյն քաղաքակրթութեան ճանաչման համար իսկապէս բացառիկ նշանակութիւն ունեն, Ձեր դասախօսելու եւ երգելու կատարեալ արուեստը – սրանք բաներ են, որ մեզ զարմանք կարող էին պատճառել եւ որոնք վառ կմնան Ձեր ունկնդիրների յիշողութեան մեջ:

Մաքս Զայֆերտ

Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր։ Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր։ Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում։ Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով։ Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ։

Փանոս Թերլեմեզյան

Ձեր հմտալից եւ խորիմաստ դասախօսութիւնները օգնեցին մեզ խոր հայեացք նետել այն երաժշտութեանը, որը ցարդ մեզ համար գրեթէ փակ էր, եւ որը կարող է շատ բան սովորեցնել մեզ` արեւմուտցիներիս: Դուք անգնահատելի ծառայութիւն մատուցած կլինէք արդի գիտութեանը, եթե հրապարակէք Ձեր աշխատութիւնները, եւ ես անչափ ուրախ կլինեմ, եթէ կարողանամ օժանդակել Ձեզ այդ գործում:

Օսկար Ֆլայշեր